Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երեւանում։
Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երեւանի արտակարգ իրավիճակների մշտա¬կան գործող եւ տարհանման հանձնաժողովները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։
Ըստ կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շենքում, իսկ Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները` Երեւանի քաղաքապետարանում։
Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`
- ստուգել եւ կատարելագործել ՀՀ ԱԻ պետական եւ Երեւանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները եւ ունակությունները.
- ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի եւ միջոցների պատրաստականությունը` փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.
- կատարելագործել կառավարման մարմինների եւ արձագանքող ուժերի փոխգործակցությունը.
- ստուգել ՀՀ ԱԻՆ եւ Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երեւանի աղետի կառավարման պլանը։
Մտահղացման համաձայն` նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արեւելք:
Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Շարքից դուրս են եկել Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում` գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները եւ կենսաապահովման կազմակերպությունները: Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին` աշխատելով ձեռքով եւ ձեռքի տակ եղած գործիքներով:
Երկրաշարժի հետեւանքով մասնակի փլվել են Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական շենքը եւ թռիչքուղին:
ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:
Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվել է մասնակիցների ազդարարում եւ հավաք։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին:
Ուսումնավարժության ղեկավարը խնդիր է դնում մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման եւ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը հետախուզության տվյալների հիման վրա գնահատում է ստեղծված իրավիճակը։ Գործարկվում են ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների բոլոր մակարդակի պլանները:
Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը իրականացնում է տեղեկատվության հավաք երկրաշարժի գոտուց, գնահատում իրավիճա¬կը եւ ամփոփում առաջարկությունները` բնակչության պաշտպանության վերաբերյալ որոշումներ ընդունելու համար:
Բնակչությանը լրատվամիջոցների օգնությամբ պարբերաբար տրվում է ստեղծված իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն:
Հանձնաժողովներն ամփոփում են «աղետի գոտուց» ստացված տեղեկություններն ու առաջարկություններ ներկայացնում փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։
Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Ըստ սցենարի` Երեւանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույց հյուրանոցային համալիրի շենքում տեղի է ունեցել փլուզում, փլատակներում են մնացել մարդիկ եւ անհրաժեշտ է շենքի վերին հարկերից տարհանել մարդկանց: Շենքում բռնկվել է հրդեհ: Նույն հրապարակի ոստիկանության նախկին հենակետի մոտ վթարի է ենթարկվել ամոնիակ տեղափոխող ավտոգլանատակառ, ինչի հետեւանքով մթնոլորտ է արտանետվել 3 տոննա ամոնիակ:
Իրականացվում են փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ: Տուժած բնակչությունը տարհանվում է անվտանգ տարածք: Վիրավորներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։
Ուսումնավարժության գործնական փուլին ներկա կգտնվի ԱԻ նախարար Ա. Երիցյանը պաշտոնատար այլ անձանց հետ։





























