Նոյեմբերի 29-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սիրիահայ գործարարների հետ հանդիպում-խորհրդակցություն: Հանդիպումը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկա էին ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբյանը ողջունեց գործարարների՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու նպատակը՝ խրախուսելով, անկախ Սիրիայում հակամարտության ընթացքից ու ելքից, հաստատվել նաեւ Հայաստանում: Խորհրդակցությանը մասնակից Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ գործակալությունը պատրաստ է մշտապես աջակցել սիրիահայերին, տրամադրել խորհրդատվություն՝ հայաստանյան շուկա մտնելու եւ կայանալու, ինչպես նաեւ արտահանմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք անհատական քննարկումներ ունենալ այն ծրագրերի շուրջ, որոնք կառաջարկեք դուք, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվությունը, մատնանշել հեռանկարային հնարավորությունները»,- ասաց. Ռ. Հարությունյանը՝ հավելելով, որ գործակալությունն ունի մշակած գաղափարներ, որոնք կարող են իրականացվել համատեղ:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավար Վարազդատ Կարապետյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջողությամբ մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված 20 օր տեւողությամբ դասընթացը, որում ներգրավված են շուրջ 30 սիրիահայեր: Վ. Կարապետյանը նշեց, որ Կենտրոնն ունի խորհրդատվական, վարկային երաշխավորությունների եւ արտահանման հեռանկարներ ունեցող կազմակերպությունների հետ աշխատանքային ծրագրեր, պատրաստակամություն հայտնեց Կենտրոնում քննարկել յուրաքանչյուր բիզնես-ծրագիր:
Հանդիպման մասնակից գործարարները խոսեցին Սիրիայում ունեցած իրենց բիզնեսի եւ Հայաստանում նոր գործ սկսելու վերաբերյալ նախասիրությունների մասին:
ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է տեղեկանալ հայաստանյան հարկային ու մաքսային ոլորտի առանձնահատկություններին, ու այդ հարցում ՀՀ ՊԵԿ-ը պատրաստակամ է անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել: Ներկաները բարձրաձայնեցին այն բոլոր հարցերը, որոնք ունեցել են իրենց գրծունեությունը Հայաստանում սկսելու ընթացքում: Այդ նպատակով կազմվեց ժամանակացույց:
Խորհրդակցության ընթացքում նախանշվեցին այն հիմնական գործարար ուղղությունները, որոնք ծավալելու հնարավորություններն իրատեսական են: Առաջիկա շաբաթվա ընթացքում գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներիհետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր տարբերակները:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհուրդ տվեց գործարարներին առանց հայաստանյան պետական մասնագիտական կառույցների խորհրդատվության եւ ուղղորդման չնախաձեռնել որեւէ գործունեություն՝ հետագա ռիսկերից խուսափելու նպատակով:




























