Հայաստանոմ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակավածությամբ դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ: Այդ թվականից մինչեւ 2012թ նոյեմբերի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը՝ 2012թ տանսմեկ ամիսների ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ հավանական է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է՝ հաշվի առնելով թիրախ խմբերը, քանի որ շատերը չեն դիմում բժշկի եւ չգիտեն իրենց կարգավիճակը:
Նա նշեց, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 954 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 405 դեպք: ՄԻԱՎ վարակի 26 դեպք արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 56,4 տոկոսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 302 դեպք, որից՝ 49 կին եւ 5 երեխա: ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց գրեթե կեսը թմրամիջոցների ներարկային օգտագործող է, որոնց մեծամասնությունը բնակվել է ՌԴ-ում եւ Ուկրաինայում: Կանայք հիմնականում վարակվել են սեռական ճանապարհով:
Սամվել Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Բացի այդ, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանի բնակիչների շրջանում ՝ 526 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,7 տոկոս: Բայց 100 հազար բնակչի հաշվարկով ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է, որին հաջորդում է Երեւանը, Լոռիին, Արմավիրի մարզերը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածման հիմնական պատճառները աղքատությունը, արտագաղթը, հասարակության կողմից խարանն ու խտրականությունն է: Այսօր ամենակարեւոր խնդիրը բժշկի ուշ դիմելն է, ուշ ախտորոշումը, «գերադսաում են իրենց կարգավիճակը չիմանալ, բայց ավելի հանգիստ ապրել»: Նա հիշեցրեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում հիվանդության ախտորոշումը եւ բուժումը անվճար է, գաղտնիությունը երաշխավորվում է:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 2011-2015թթ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով:





























