Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Նիհաթ Օմերօղլուի ընտրվելը կրկին թուրք հասարակության մեջ առիթ տվեց վերհիշելու Դինքին դատապարտած եւ այդ դատապարտմանը առարկած դատավորների կարիերային մանրամասները։
Թուրքական Vatan պարբերականը գրել է Դինքի դատավճիռը հաստատած դատավորների առաջընթացի մասին։ Այսպես՝ Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով դատական գործ բացելու թույլտվություն տված Արդարադատության նախարարության այն ժամանակվա գլխավոր խորհրդական Ֆահրի Քասըրգան դարձել էր Արդարադատության նախարար։
Դինքի նկատմամբ դատավճիռը ուսումնասիրած վճռաբեկի 9-րդ դատարանը վերահաստատել էր վճիռը, որից հետո այդ դատարանի նախագահ Հասան Գերչեքերը դարձավ վճռաբեկ դատարանների նախագահ։
Հրանտ Դինքին պատժի դատավճիռը կայացվել է 24 հոգու մասնակցությամբ, որոնցից 6-ը դեմ են արտահայտվել, 18-ը՝ կողմ։ Դինքի դատապարտմանը կողմ արտահայտված Հասան Էրբիլը քվեարկությունից շատ չանցած դարձել է Վճռաբեկի գլխավոր դատախազ։
Օրեր առաջ Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է ընտրվել Նիհաթ Օմերօղլուն, ով եւս ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի այն դատավորների կազմում, ովքեր հաստատել են Հրանտ Դինքի հանդեպ դատարանի կայացրած որոշումը 301-րդ հոդվածի հատկանիշներով (թյուրքականության վիրավորում)։
Իսկ ահա Հրանտ Դինքի դատապարտումը առարկած վճռաբեկ դատարանի այն ժամանակվա դատախազ Օմեր Ֆարուք Էմինօղլուն Ստամբուլից աքսորվեց Չանքըրայի դատարան։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի ուշ արդարացրել է Հրանտ Դինքին եւ Թուրքիային պարտադրել Դինքի ընտանիքին փոխհատուցում վճարել։



























