AREAL գծային արագացուցիչը (Advanced Research Electron Accelerator Laboratory) շահագործման կհանձնվի 2013 թ. մայիսին: Այդ մասին այսօր` նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
AREAL-ը «Քենդլ» ծրագրի առաջին փուլն է (CANDLE-Center for Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար` սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն): Երկրորդ փուլում կկառուցվի ավելի հզոր` օղակաձեւ արագացուցիչը: AREAL-ը տեղակայվելու է Երեւանում, Աղի հանքի մերձակայքում, իսկ օղակաձեւ արագացուցիչը` Աբովյանի մոտ (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկի մերձակայքում):
Ս. Հարությունյանն ասաց, որ AREAL-ի շահագործման բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են` շենքը պատրաստ է, ստացվել են սարքավորումների 95%-ը (դրանց մեծ մասը նվիրատվություն է):
«Քենդլ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովն ասաց, որ AREAL-ը, հանդիսանալով սինքրոտրոնային լույսի աղբյուր, ունի կիրառելիության շատ մեծ սպեկտր: Աշխարհում մեծ պահանջարկ կա նման արագացուցիչների նկատմամբ, սակայն դրանք հիմնականում տեղակայված են զարգացած երկրներում: Բավական է ասել, որ ոչ Մերձավոր Արեւելքում, ոչ Արեւելյան Եվրոպայում, ոչ մեր հարեւան երկրներում նման գիտական կենտրոն գոյություն չունի եւ առաջիկայում չի լինի: Արագացուցչի շնորհիվ Հայաստանը կդառնա տարածաշրջանում գիտական առաջատար կենտրոնը: Սինքրոտրոնային լույսը կարեւոր նշանակություն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի եւ միկրոարտադրության բնագավառներում: Բավական է ասել, որ վերջին տասնամյակում նոր դեղերի 60%-ն աշխարհում մշակվել է արագացուցչի օգնությամբ:





























