Ադրբեջանի ֆինանսական օժանդակությամբ եւ թուրք ազգայնականների հովանավորությամբ Հայաստանի սահմանակից Իգդիրում գործող եւ ծիծաղելի անվանում ունեցող (Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն- ASIM-DER) կազմակերպությանը դատի տալու պատրաստականություն է հայտնել թուրքական «Ոչ ասենք ազգայնականությանն ու ռասիզմին» կազմակերպությունը:
Կազմակերպության կայքում նշվում է, որ վերջին օրերին ադրբեջանա-թուրքական ASIM-DER-ը համացանցով հրապարակում է Թուրքիայի հայկական հիմնադրամների, դպրոցների, եկեղեցիների եւ կազմակերպությունների հասցեներն եւ հեռախոսահամարները՝ պարարտ հող ստեղծելով հայերի դեմ բռնություններ իրականացնելու համար։ ASIM-DER-ը պնդել է, թե այդքան հայկական կազմակերպությունների կարիք Թուրքիան չունի եւ բողոքով դիմել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։
«Հայերին թիրախ դարձրած ASIM-DER-ի եւ նրա նախագահ Գյոքսել Գյուլբեյի դեմ հայց ենք ներկայացնում»,-նշվել է «Ոչ ասենք ազգայնականությանն ու ռասիզմին» կազմակերպության հայտարարության մեջ։





























