Եթե բարեփոխումների գործընթացն արագանա, Հայաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի բանակցությունները կարող են ավարտվել «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովի օրերին, որը կանցկացվի հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում: Այդ մասին հայտնել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով Ստոկհոլմում կայացած «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումում:
«Եթե բարեփոխումների գործընթացն արագանա, եւ մենք պահպանենք ասոցիացիաների մասին համաձայնագրի ներկա տեմպերը, այդ թվում՝ Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ, ապա բանակցությունները 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք բարձրագույն մակարդակի հանդիպման պահին ավարտված կլինեն»,- ասել է հանձնակատարը:
Ֆորումին մասնակցել են արեւելյան Եվրոպայի եւ ԵՄ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 200-ից ավելի անդամներ:




























