Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան անորոշ ժամկետով հետաձգել է դեկտեմբերին նախատեսված Մոսկվա կատարելիք այցը: Նա նշել է, որ այցը հետաձգվում է ՌԴ նախագահի վատ ինքնազգացողության պատճառով:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վատ ինքնազգացողության պատճառով ստիպված եմ որոշ ժամանակով հետաձգել Մոսկվա կատարելիք այցը», - ասել է Նոդան Նեմուրո քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, վերջին շրջանում լրատվամիջոցներում մշտապես շրջանառվում են Պուտինի մեջքի վնասվածքի մասին լուրերը: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լուրջ վնասվածքի մասին լուրը հերքում է:
Միաժամանակ, նոյեմբերի սկզբին նա հայտնել էր, որ նախագահը ձգել է ոտքի մկանը:
«Էքսպերտը» հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետի խոսքերը մեկնաբանելով, Պեսկովը հայտնել է, որ «այցելության հստակ ամսաթիվ չի եղել»: Ամենայն հավանականությամբ, ըստ նրա, Պուտինի եւ Նոդայի հանդիպումը կկայանա 2013 թ. սկզբին:




























