Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ պետական պաշտոնյաների էթիկայի ստանդարտների ամրապնդման հարցերով երկօրյա համաժողովի բացմանը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ի այս նախաձեռնությունը մեկ հարկի տակ հավաքեց ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ քննության առնելու էթիկային վերաբերող այն հարցերը, որոնց առնչվում են պետական պաշտոնյաներն իրենց գործունեության ընթացքում:

Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դ-ր Ռոբերտ Ջոյսը ներկայացրեց հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննության առան պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները և մշակեցին առաջարկներ միտված  Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը: