Տոմսկում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում: Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ պայթել է գազի բալոնը: Նվազագույնը 11 մարդ տուժել է, ութ մարդ գտնվում է հիվանդանոցում: Նրանց մեջ գանգուղեղային վնասվածքով երեխա եւ մարմնի 90% այրվածքներով տղամարդ կա: «Ինտերֆաքսի» արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ կա մեկ զոհ:
Գազի բալոնը պայթել է շինարարական աշխատանքների ընթացքում: Ենթադրվում է, որ ութերորդ հարկի չգազիֆիկացված բնակարանում առաստաղի մոնտաժման աշխատանքներ են տարվել: Արդյունքում փլվել են ութերորդ եւ իններորդ հարկերի պատշգամբները, ինչպես նաեւ ութերորդ հարկի բնակարանի ծածկը:
Պայթյունից հետո 10-հարկանի շենքի ութերորդ եւ իններորդ հարկերում տարածված հրդեհն արագ մարել չի հաջողվել՝ չնայած որ աշխատանքներին ներգրավվել են 80 մասնագետ եւ 30 միավոր տեխնիկա: Վթարային շենքից տարհանել են 85 բնակչի:
Ըստ ՆՏՎ-ի տվյալների՝ տուժել եւ այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ: Տուժածների շարքում երկու երեխա կա: Ֆելդշերներից մեկը պատմել է, որ երեխաներից մեկին փրկել են՝ ներքնակի մեջ փաթաթած վիճակում յոթերորդ հարկից ցած նետելով:




























