Բանակցային գործընթացում արդյունքի հասնելու Բաքվի պատրաստակամության նշանը ԼՂՀ-ի ղեկավարության հետ անմիջական բանակցություններ սկսելը կլիներ: Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին Բաքվի հայտարարությունը:
«Քանի դեռ Բաքուն պատրանքներ է տածում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման էությունը իր իսկ կողմից հրահրած ագրեսիայի հետեւանքների վերացումն է, շարունակում է ռասիստական հակահայկական հիստերիան, խոչընդոտում է հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու միջնորդների ջանքերին, նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ստատուս քվոյի պահպանման համար իր իրական մտադրությունները թաքցնելու Ադրբեջանի հերթական անշնորհք փորձը», - ասել է փոխնախարարը:
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում արդյունքի հասնելու Բաքվի պատրաստակամության նշան կլիներ ԼՂՀ-ի ղեկավարության հետ անմիջական բանակցություններ սկսելը, ինչպես որ եղավ 1993թ. եւ հանգեցրեց 1994թ. մայիսին անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը:





























