Կոնեկտիկուտի բնակչուհի Չարլա Նեշը սարսափելի ողբերգություն է ապրել. Երկու տարի առաջ հարեւանի շիմպանզեն հարձակվել էր կնոջ վրա՝ պոկելով ձեռքերը, շրթունքները եւ կոպերը: Նեշը ստիպված էր եղել դեմքի ամբողջական փոխպատվաստում կատարել: Այժմ կապիկի տերերը նրան 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարեն:

Sky News-ը պատմում է, որ Սթեմֆորդի բնակչուհի Չարլա Նեշը այցելել է  հարեւաններին, որոնք Թրեւիս անունով շիմպանզե էին տանը պահում: Վերջինս կարողանում էր օգտվել ատամի խոզանակից եւ ընթրում էր «հարազատների» հետ:

Սակայն այդ երեկո կենդանու հետ ինչ-որ բան էր կատարվել: Հյուրին տեսնելով՝ նա հարձակվել էր եւ հաշված րոպեների ընթացքում 56-ամյա Նեշին ահավոր վնասվածքներ հասցրել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չէին կարողացել հանգստացնել 80 կգ-անոց կատաղած կենդանուն եւ ստիպված կրակել էին, հայտնում է vesti.ru-ն:

Կնոջ դեմքի  վերականգնմանը մասնակցել էին ԱՄՆ-ի 30 լավագույն բժիշկները:

Սարսափելի միջադեպից հետո Նեշի հարազատները դատի էին տվել ագրեսիվ կենդանու տերերին: Վերջապես, նոյեմբերի վերջին իշխանությունները վճռել են, որ վերջիններս շիպմանզեի հարձակման զոհին պետք է 4 մլն դոլարի փոխհատուցում վճարեն: