«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա եւ Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները համալրվեցին նոր գրքերով:
Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացավ Հայաստանի մանուկներ հիմանդրամի նախաձեռնությանը եւ գրադարաններին նվիրեց Հայաստանի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:
«ԱրմենՏել» ընկերությունը, որպես ազգային օպերատոր, մեծ ուրախությամբ միացավ Արագածոտնի եւ Արմավիրի մարզի գյուղերի դպրոցները գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը: Գիտության շտեմարանում առանձնահատուկ նշանավորվում է գրքի դերը որպես մարդկային ունակությունների զարգացման եւ կատարելագործման լավագույն ուղեցույց եւ մենք մշտապես աջակցում ենք նման ծրագրերի իրականացմանը, գիտակցելով, որ կրթված հասարակությունը վառ ապագա կերտելու հիմնական գրավականներից մեկն է»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Հիմնադրամի համար շատ կարեւոր է, որ գյուղաբնակ երեխաները նույնպես ունենան այն հնարավորությունները, որոնք առկա են մայրաքաղաքում: Մեր գործընկերների հետ միասին նրանց համար հասանելի ենք դարձնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները, անգլերենը, բայց երբեք չենք դադարում հիշեցնել գրքի կարեւորության մասին: Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին, որ դպրոցական գրադարնները հարստացան այս հրաշալի ճանաչողական գրքերով»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:
Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին երկարատեւ համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվեցին «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը ինչպես նաեւ «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական եւ գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագիրը:





























