Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի ղեկավարվելու այն հայտարարություններով, որոնք արվում են արտասահմանից՝ մեկնաբանելով Washington Post թերթի հոդվածը, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում գործող կառավարությունը:

«Սահակաշվիլին հաջողացնում է ինչ-որ կերպ արտասահման հասցնել ոչ ճիշտ տեղեկություններ»,-հայտարարել է նա, հավելելով, որ մտադիր չէ գործել արտասահմանում արվող որեւէ հայտարարության համաձայն:

«Մենք ենք Վրաստանի կառավարությունը եւ շատ լավ տիրապետում ենք Վրաստանում առկա իրավիճակին: Վրաց հասարակությունը լավ տեղեկացված է եւ մենք գործելու ենք օրենքի համաձայն: Նման հոդվածները չեն կանգնեցնի եւ չեն խոչընդոտի իրավապահ կառույցների գործողությունները… Այդ գործընթացները շուտով կավարտվեն եւ մենք կարող ենք միջազգային լրատվամիջոցներին ծանոթացնել նրանց իրական էությանը»,-հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Ըստ պարբերականի, Իվանիշվիլին նաեւ կասկած է հայտնել, որ արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվող քննադատական հոդվածները ֆինանսավորվում են, այդ թվում Ազգային անվտանգության խորհրդի բյուջեից, որը ղեկավարում է երկրի նախագահի թիմի անդամ Գիգա Բոկերիան:

«Մենք մինչեւ այսօր չկարողացանք «բացել» Բոկերիայի կառույցի ծախսերի մասին տեղեկատվությունը: Բյուջեից այս տարի նրանք ծախսել են 16 մլն լարի (շուրջ 10 մլն դոլար), բայց թե ինչի՞ վրա, դա «գաղտնի» գրիֆի տակ է: Մենք խիստ կասկածներ ունենք, որ այդ պասկվիլները ֆինանսավորվում են պետական բյուջեից, մենք կկարողանանք մոտ ապագայում «բացել» այդ տեղեկատվությունը»,-հայտարարել է վարչապետը: