Ռուսաստանի Վլադիմիրի շրջանում ավարտվել է «Արիստոկրատ» սրճարանի գլխավոր տնօրեն Ահմեդով Բաբեք Գարաօղլուի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը, որը սպանության փորձի մեջ է մեղադրվում:
Քննության վարկածով՝ 2012թ. ապրիլի 22-ին սրճարանի մատուցողը աշխատանքի է եկել իր 25-ամյա զարմիկի հետ, որին խնդրել էր օգնել սպասվող հարսանյաց հանդեսին նախապատրաստվելիս: Տնօրենին դուր չի եկել, որ աշխատողն ուշացել է աշխատանքից, նկատողությունը լեզվակռվի է վերաճել, հետո եղբայրները հեռացել են:
Սակայն մեղադրյալը չի հանգստացել, իր մեքենայով հասել է երիտասարդներին եւ 25-ամյա տղամարդուն առաջարկել խոսակցությունը շարունակել մեքենայում: Մերժում ստանալով՝ Ահմեդովը հանել է տրավմատիկ ատրճանակը եւ մոտ հեռավորությունից 6 կրակոց արձակել հայրենակցի ուղղությամբ, նաեւ ոտքով հարվածել է, հայտնում է Վլադիմիրի «Բեզ ֆորմատա» հրատարակչությունը:
14-15 տարեկան դեռահասները, որոնք ակամա վկա են դարձել կատարվածին, շտապօգնություն էին զանգահարել: Տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել: Նրա դեմքն այլանդակված էր եղել, մեկ աչքը՝ կուրացած:
Մեղադրյալն իր մեղքը չի ընդունել: Քննությունը բավական ապացույցներ է հավաքել՝ ներառյալ հսկող տեսախցիկների նկարահանումը: Դատախազի հաստատած մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:




























