ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է մեկ դոլարանոց թղթադրամը մետաղադրամով փոխարինելու հնարավորությունը: Կոնգրեսի աուդիտորները կարծում են, որ դա կօգնի ամերիկյան իշխանություններին առաջիկա 30 տարում 4,4 մլրդ դոլար տնտեսել:
Ընկերությունները, որոնք սննդի եւ ըմպելիքների վաճառքի սարքեր են օգտագործում, վաղուց են հանդես գալիս թղթադրամներից հրաժարվելու օգտին: Նրանց խոսքով, մետաղադրամներն ավելի քիչ են հանգեցնում այդ սարքերի խափանումների:
Սակայն ամերիկացիներն առանձնապես ոգեւորված չեն այդ գաղափարով: ԱՄՆ-ի դրամական պալատը վերջին 5 տարում 2,4 մլրդ դոլարի չափով մեկ դոլարանոց մետաղադրամներ է թողարկել, սակայն այդ մետաղադրամների մեծ մասը պահվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում, իսկ դրանց արտադրությունը դադարեցվել է մեկ տարի առաջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ենթադրվում է, որ ներկայումս մետաղադրամներ թողարկելիս կօգտագործվեն առավել էժան մետաղներ, ինչպիսիք են պողպատը, ալյումինը եւ ցինկը: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները քննարկում են ամբողջությամբ մետաղադրամների անցնելու հնարավորությունը:
Վերլուծաբանների կարծիքով, թղթադրամներն անհրաժեշտ է փոխել յուրքանչյուր 4-5 տարին մեկ անգամ, իսկ մետաղադրամը կարող է շրջանառության մեջ մնալ 30 տարի:
Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ դրամական պալատը պետք է մետաղադրամների անցնելու առավելությունների եւ թերությունների մասին զեկույց ներկայացնի:




























