Գլենդելի հայ համայնքում թմրամիջոցների օգտագործման եւ թմրամոլության միտումները ոչնչով չեն տարբերվում այլ խմբերից, սակայն այդ ամենի նկատմամբ վերաբերմունքը կարող է բարդ խնդիր լինել՝ կապված տանն օտարության ուժեղ զգացումի հետ: Այս թեման փորձագետները քննարկել են Գլենդելի սուրբ Մարիամ եկեղեցում, գրում է «Glendale News-Press»-ը:

«Մեր՝ հայերիս խնդիրն այն է, որ մեզանից շատերը չեն ցանկանում խոսել վատ բաների մասին, որոնք տեղի են ունենում մեր շուրջը»,-ասել է փաստաբան Կարո Ղազարյանը, ով ծառայում է քաղաքի քաղաքացիական ծառայության գործերով հանձնաժողովում: Նա նշել է, որ շատ երիտասարդ հայեր շեղվում են ճիշտ ճանապարհից: Նա կոչ է արել հայ ծնողներին առավել տեղյակ լինել սեփական երեխաների գործունեության մասին:

Ընտանեկան խորհրդատվության հարցերով ծրագրերի տնօրեն Անժելիկա Շիրվանյանն աշխատում է հայ ծնողների ու դեռահասների հետ, որոնք պայքարում են թմրամոլության եւ ալկոհոլիզմի դեմ, սակայն հաճախ չեն դիմում օգնության:

Շիրվանյանի խոսքով, հայ ծնողները հաճախ վախենում են սեփական երեխաներից: «Դա սարսափելի է, բայց դա իրականություն է: Պարզապես պետք է դիմել օգնության»,-ասել է նա: