Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 30-ին մեկնարկել է «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագրով համաժողովը: Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով Եվրոպայի Ժողովրդական կուսակցության դերը ԵՄ կայացման գործում:
«Հայաստանում միեւնույն քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը դիմակայել է բազմաթիվ փորձությունների, ինչպես նաեւ կարողացել է վերականգնել պետականությունը: Եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու իր առաքելությամբ Հայաստանը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է պետությունների հետ սերտացման քաղաքականությունը: Այսօր Հայաստանը, վարելով հավասարակշռված կառուցողական քաղաքականություն, կարեւոր գործոն է տարածաշրջանի խաղաղության համար: Այդ համատեքստում պետք է դիտարկել նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցությունը», - ասել է նա:
Աբրահամյանը նշել է, որ այն խորհրդարանները, որոնք հաջողությամբ համագործակցում են քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ են աշխատում: Խորհրդարանի խոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ է արել լինել ավելի միասնական, հատկապես պետության շահերին վերաբերող հարցերում: «Հակառակ պարագան մեզ համար աններելի շքեղություն կլինի: Հայաստանի խորհրդարանը ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ, որի լավագույն վկայությունը Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների գործուն հարաբերություններն են ինչպես Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության շրջանակում, այնպես էլ համաժողովի ներկայացուցիչների հետ Եվրոնեստի ձեւաչափով: Խոսնակը նաեւ նշել է, որ բոլոր խորհրդարանականները պարտավոր են աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, քանի որ դա պետականության ամրապնդման գրավականն է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























