Վրացի հայտնի թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ստուրուան շուտով ներկայացում կբեմադրի Թբիլիսիի սեփական թատրոնի բեմում: Այդ հարցում նրան օժանդակել է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, Վրաստանի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ստուրուան նաեւ կրկին ստանձնել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից «Նովոստի Գռուզիային» հայտնել են, որ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման հրամանը նախօրեին ստորագրել է մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան:
Հիշեցնենք, ավելի վաղ Facebook-ի իր էջում Ստուրուան գրել էր, որ որոշել է վերադառնալ Ռուսթավելու թատրոն:
Մամուլը նաեւ գրում է, որ Բիձինա Իվանիշվիլին Ստուրուայի համար Թբիլիսիում ոչ մեծ թատրոն է կառուցել:
Ռոբերտ Ստուրուան Վրաստանը լքել էր 2011թ. օգոստոսին՝ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացվելուց հետո եւ Մոսկվա աշխատելու տեղափոխվել: Վրաց հանրության մի մասը կարծում էր, որ նրա հեռացման իրական պատճառը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հաճախ քննադատելն էր:




























