Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին, որին  Մոսկվայից ոչ մի լուրջ քայլ չհետեւեց: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 30-ի մամուլի  ասուլիսում հայտարարել է վրացագետ Ալիկ Էրոյանցը: 

Ըստ նրա, չնայած Վրաստանի նոր վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝ ռուս-վարցական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին հայտարարությանը,  ռուսական կողմի արձագանքը հետեւյալն էր. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի  Մեդվեդեւը հանդես եկավ հայտարարությամբ, որ Թբիլիսիի այդ մտադրությունը ողջունելի է, սակայն ռուս-վրացական հարաբերություններում ջերմացումը հնարավոր է միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերի վերաբերյալ վրացական դիրքորոշման փոփոխության դեպքում:

«Ամենայն հավանականությամբ, Վրաստանը կպահպանի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ այդ տարածքներում ռուսական զորքերի գտնվելուն դեմ հանդես գալով», - նշել է քաղաքագետը: