Ներկայումս դժվար է ասել, թե ինչ պատճառներ են ընկած հայ-վրացական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հիմքում, որը կապված է հայկական բեռնատարների Վրաստանի տարածք մուտք գործելու խնդրի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:
«Հայ-վրացական սահմանային միջադեպը շատ կարեւոր հարց է: Դժվար է հստակորեն նշել՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՝ ոչ: Վրաստանում նոր նշանակումներ են կատարվել եւ, հնարավոր է, որ տվյալ միջադեպը կապված է սահմանային անցակետերում վերահսկողության խստացման հետ: Հույս ունենք, որ այդ անհասկանալի երեւույթը շուտով կկարգավորվի»,-ասաց Էրոյանցը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ փորձագետ Գեւորգ Մկրտչյանն անդրադառնալով միջադեպի հնարավոր պատճառներին, կարծիք հայտնեց, որ Վրաստանի նոր ղեկավարները փորձում են օգտագործել Վրաստանի քաղաքական եւ ռազմավարական դիվիդենտները՝ սեփական նպատակներին հասնելու համար: «Պատահական չէ, որ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո գործադուլ է տեղի ունեցել Փոթիի նավահանգստում, բարձրացվել է աբխազական երկաթուղու բացման հարցը, իսկ հայ-վրացական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպը ահազանգ է հայկական կողմի համար»,-ընդգծեց փորձագետը, համաձայնելով, որ Վրաստանի նոր իշխանությունները շարունակում են նախկին ղեկավարության կուրսը:





























