Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ճաշարանում, աշխատանքից ազատել են մատուցողուհուն, ով թքում էր պատգամավորների ուտելիքի մեջ: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, ինքը՝ մատուցողուհին, բոլորովին չի զղջում իր արարքի համար եւ անգամ պատրաստվում է այդ մասին գիրք գրել:
Մատուցողուհի Յուլյա Բորշչենկոյին ազատել են աշխատանքից, երբ պատգամավոր Վալենտին Մատվեեւը (կոմունիստ) իր ապուրի մեջ թքի հետքեր է նկատել, հաղորդում է ուկրաինական ԿԻԴ պորտալը՝ վկայակոչելով «Կիեւյան թերթը»:
Հաղորդվում է, որ մատուցողուհուն աշխատանքից ազատել են «սեփականատիրոջ կամ լիազորված մարմնի նախաձեռնությամբ» հոդվածով:
Ըսդ որում, Բորշչենկոյի խոսքով, ինքն առաջին անգամ չէ, որ թքում է պատգամավորների ուտելիքի մեջ, որի համար բոլորովին չի զղջում: Իր արարքը կինը բացատրել է հետեւյալ կերպ. «Դուք կարծում եք Գերագույն ռադայի ճաշարանում լա՞վ են վճարում. Բոլորովին ոչ՝ 3200 գրիվեն: Մայրաքաղաքի համար դա ընդհանրապես գումար չէ… Միակ դրդապատճառը, որի համար ես 4 տարի աշխատել եմ այնտեղ, դա պատգամավորներից վրեժ լուծելու հնարավորությունն է եղել այն բանի համար, ինչ նրանք անում են երկրի ու ժողովրդի հետ: Եթե որեւէ մեկը կարծում է, որ ես զղջում եմ իմ արարքների համար, նա խորապես սխալվում է: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»:
Բացի այդ, Բորշչենկոն հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է աշխատանք գտնել հասարակական սննդի ոլորտում: Տեսնելով, որ լրատվամիջոցները հետաքրքրված են իրենով, կինը որոշել է նաեւ գիրք գրել:





























