Տաջիկստանում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանը (ռադիո «Օզոդի»)՝ կառավարությանը կից կապի ծառայության հրահանգով: Այս մասին CA-News-ին հայտնել են երկրում ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններից մեկում:

«Ստացվել է SMS հաղորդագրություն՝ ռադիո «Օզոդի» հասանելիությունն արգելափակելու պահանջով»,-ասել է CA-News-ի զրուցակիցը:

Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերների ասոցիացիայում հաստատել են Կառավարությանը կից կապի ծառայության կողմից տվյալ հրահանգի առկայությունը: Պրովայդերները չեն բացառում հնարավորությունը, որ ռադիոկայանի հասանելիությունն արգելափակելու վերաբերյալ հրահանգը պաշտոնական նամակով կստանան առաջիկա մեկ օրում:

Նշվում է, որ դեռեւս նոյեմբերի 29-ի երեկոյան ինտերնետ օգտագործողներից ահազանգեր են ստացվել, որ չեն կարողանում մուտք գործել «Ազատություն» ռադիոկայանի կայք, որն ակտիվորեն լուսաբանում է Facebook սոցիալական ցանցի հասանելիությունն արգելափակելու հետ կապված խնդիրը:

Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցը Տաջիկստանում ամբողջությամբ արգելափակվել է նոյեմբերի 26-ից՝ Կապի ծառայության գրավոր հրահանգով: