Միլանում թեժ գիծ են բացել նրանց համար, ովքեր ցանկանում են քշել սատանաներին: Ինչպես գրում է Independent թերթը, թեժ գիծը բացել է կաթոլիկ եկեղեցին:

«Մեզ շատ են հարցնում անուններ, հեռախոսահամարներ, հասցեներ, ուստի մենք թեժ գիծ ենք բացել այդ թեմում: Այնտեղ զանգահարողները կարող են մոտակայքում գտնվող հոգեւորական գտնել»,-հայտարարել է Միլանի թեմի գլխավոր էկզորցիստ Անջելո Մասկերոնին:

Նրա խոսքով, տեղի հոգեւորականների թիվը, որոնց կարող են հրավիրել սատանաներին քշելու համար, օրական 6-ից աճել է 12-ի: Մասկերոնին նշել է, որ տեղի էկզորցիստներից մեկը մեկ օրում 120 կանչ է ստացել, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Նա պարզաբանել է, որ առավել հաճախ էկզորցիստների օգնությանը դիմում են ծնողները, որոնք չեն կարողանում վերահսկել իրենց անկարգ երեխաներին: «Իրականում սատանան այստեղ կապ չունի, պարզապես 18 տարեկան երիտասարդները չեն սիրում, երբ իրենց թելադրում են, թե ինչ անեն»,-ասել է միլանցի հոգեւորականը:

Սատանաներին քշելու պրակտիկան կաթոլիկ եկեղեցին կիրառում է դարեր շարունակ, սակայն վերջին 50 տարում էկզորցիստների ծառայություններից օգտվողների թիվը կտրուկ աճել է, նշում է Independent-ը: