Հայաստանը Ջավախքի հարցում հստակ ազգային հայեցակարգի կարիք ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 230-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ղեւոնդ Մկրտչյանը:

«Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականության մեջ նորն այն է, որ նա մտադիր է Վրաստանը վերածել քաղաքացիական հասարակության, այդ թվում լուծել մշակութային ինքնավարությունների ստեղծման հարցը, նաեւ խոսք է եղել հայ-վրացական համալսարան բացելու մասին»,-նշեց փորձագետը: Սակայն, նրա խոսքով, բոլոր այդ խոստումները տրվել են խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ Վրաստանի իշխանությունների ներկա գործողությունները չեն համապատասխանում նախկին տրամաբանությանը:

«Ներկա պահին հստակություն չկա Վրաստանի իշխանությունների արտաքին եւ ներքին քաղաքական հետագա քայլերում, բայց պետք է կրկին նշել, որ ներկա իշխանությունները Ջավախքի հետ կապված լուրջ նախընտրական խոստումներով են հանդես եկել»,-ընդգծեց Մկրտչյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից համապատասխան գործողությունների բացակայության պատճառով, հայկական կողմը աստիճանաբար կարցնում է ազդեցության լծակները Վրաստանի վրա՝ Ջավախքի օգնությամբ:

«Հայաստանը պետք է կառուցողական քաղաքականություն վարի, ներառյալ միջնորդական քայլեր ձեռնարկի ռուս-վրացական հարաբերություններում: Ջավախքում առկա ներկա իրավիճակը չի բխում Հայաստանի ռազմաքաղաքական շահերից, քանի որ Վրաստանի հայաբնակ այդ շրջանում մշակութային վակուում է ստեղծվել»,-ամփոփեց փորձագետը: