Ռուսաստանի Պերմի մարզում դատավճիռ է կայացվել սքինհեդների բանդայի 6 անդամների նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել 5 մարդու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
Հաստատվել է, որ 2009 թվականին Չուսովոյ քաղաքի դպրոցներից մեկում սովորող զույգ եղբայրները ավազակախումբ են կազմել երկու այլ աշակերտների հետ: Ավելի ուշ նրանց են միացել եւս երկու երիտասարդներ: Խմբի անդամներն իրենց սքինհեդ են անվանել եւ համապատասխան հագուստ են կրել:
Բանդայի անդամներն սկսել են հաձրակումներ գործել անտունների եւ ներգաղթյալների վրա: Ընդհանուր առմամբ, նրանց գործողություններից տուժել է 9 մարդ, որոնցից 5-ը սպանվել են: Բանդան վնասազերծվել է 2011 թվականին:
Ինչպես գրում է «Ակտուալնո»-ն, բոլոր դեպքերում չարագործները հարձակում գործելիս նախապես պատրաստված առարկաներ են օգտագործել՝ կաստետներ, բեյսբոլի մականներ, ինչպես նաեւ դեպքի վայրերում եղած սուր բահեր, աղյուսներ, փայտեր: Դրանցով երիտասարդները ծեծել են իրենց զոհերին, հասցնելով բազմաթիվ վնասվածքներ: Վերջին հարձակումների ժամանակ, երիտասարդ սքինհեդները տեսանկարահանել են իրենց «քաջագործությունները» եւ տեղադրել ինտերնետում:
Խմբավորման երկու անդամներին, որոնք հանցագործության պահին անչափահաս են եղել, դատարանը դատապարտել է 9,5 եւ 10 տարվա ազատազրկման, իսկ մյուսներն ստացել են 13, 16 եւ 19 տարվա բանտարկություն:





























