Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: ԵԺԿ նախագահը Երեւան է ժամանել կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն է ծավալել եւ այսօր արդեն ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երեւանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի եւ հայաստանյան եւս երկու՝ «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությունից բացի, Վիլֆրիդ Մարթենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաեւ Հայաստանում ազատ եւ կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Սերժ Սարգսյանը եւ Վիլֆրիդ Մարթենսն անդրադարձել են նաեւ ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: