Հանրապետական խմբակցությունը չի մեկնաբանում Կառավարության` 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու մասին ՀՀԿ խմբակցության առաջարկները մերժելը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային ահնձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Խնդիրն այն է, որ Կառավարությունը պաշտոնապես դեռ բյուջեի նախագիծը չի ուղարկել Ազգային ժողով: Մերժելու մասին գիտի կառավարությունը, փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է իրենց մոտ: Պաշտոնական որեւէ փաստաթուղթ չկա, հետեւաբար` մեկնաբանություն չի կարող լինել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը չի ընդունել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկները՝ 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու մասին:
ՀՀԿ-ն առաջարկել է.
-արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով,
-մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով,
-տրանսպորտային նյութերն ավելացնել 30 մլն դրամով,
-տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ,
-աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով,
-Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ:
ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանի մեջ նշված է, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ եթե ԱԺ ֆինանսավորումը ավելացնելու մասին առաջարկությունները մերժվեն, դա կարող է ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա:




























