Նյու Յորքում ժամանակակից արվեստի թանգարանը 14 տեսախաղ է  ձեռք բերել, որոնք դարձել են ճարտարապետության եւ դիզայնի  բաժնի նոր հավաքածուի մաս: Ցուցադրությունը կբացի  2013թ. մարտին, գրում է  «Lenta.ru»-ն:

Հավաքածուում տեղ են գտել Pac-Man (1980), Tetris (1984), Another World (1991), Myst (1993), SimCity 2000 (1994), Vib-Ribbon (1999), The Sims (2000), Katamari Damacy (2004), EVE Online (2003), Dwarf Fortress (2006), Portal (2007), flOw (2006), Passage (2008) եւ Canabalt (2009) համակարգչային խաղերը:

Թանգարանը ծրագրում է առաջիկա տարիներին ընդհանուր առմամբ հավաքել  քառասուն անուն խաղ: Ենթադրվում է, որ  հավաքածուն կհամալրեն նաեւ Spacewar! (1962), Super Mario Bros. (1985), Grim Fandango (1998) եւ Minecraft (2011) խաղերը:

Բաժնի պատասխանատու Պաոլա Անտոնելիի խոսքով`  խաղերի ընտրությունը  կատարվում է  այն հիմնական չափանիշներով,  որով մասնագետներն առաջնորդվում են շատ հավաքածուների ստեղծման ժամանակ: Մասնավորապես հետաքրքրել են սյուժեն, խաղերի գործողությունների վայրը, գործողությունների ժամանակը, վիզուալ շարքը: