Նյու Մեքսիկոյի նահանգի Արեւելյան համալսարանի նախկին ուսանողը զուգարանի թղթի փաթեթներ է ուղարկել մայր բուհ: Շրջանավարտը, ով բնականաբար անունը չի հայտնել,  գրել է, որ զուգարանի թուղթն ուղարկում է  որպես ներողություն այն բանի, որ ուսանողական տարիներին համալսարանի զուգարանից գողացել է թղթե անձեռոցիկներ եւ զուգարանի թուղթ:

Համալսարանն ստացել է թղթի հինգ փաթեթ, խոնավ անձեռոցիկներ եւ տոնական բացիկ: Դրանում նախկին  ուսանողն ասում է, որ հավատացյալ քրիստոնյա է դարձել  եւ պետք է ներողություն խնդրի բոլոր մեղքերի համար:

AP-ն չի բացառում, որ այդ կերպ թուղթ ուղարկողը ցանկացել է պարզապես կատակել:  Ամեն դեպքում բուհում ասել են, որ նախկին ուսանողին ամեն ինչ ներված է: