Աբդուլահ Գյուլի եւ Ռեջեբ Էրդողանի հակամարտությունը էական ազդեցություն չի ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի Յադիր Խաս  համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Մուստաֆա Այդինը:  Նրա կարծիքով` հակամարտությունը գաղափարական աստառ չունի եւ հիմնված  է 2014թ. նախագահական ընտրություններում մրցակցության վրա:

«Այդ հակասությունները նախկիններից տարբերվում են նրանով, որ հիմա հանրությունն այդ մասին իմացել է:  Դժվար է կանխատեսել, արդյոք կողմերի մեջ քաղաքական գործարք կլինի, թե ոչ: Սակայն այն, որ հակասությունները պայմանավորված են միայն ընտրություններով` ակնհայտ է»,-նշեց Այդինը:

Պատասխանելով մրցակցության դրդապատճառների մասին հարցին այն դեպքում, երբ Գյուլը հայտարարել էր, թե չի առաջադրվելու, Այդինը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայտարարությունը վերապահումով է արվել. «Նա ասել է, որ չի առաջադրվի, եթե Էրդողանը դնի իր թեկնածությունը: Սակայն նախապես ամեն ինչ կանխատեսել պետք չէ: Եթե ինչ-որ մեկն ասի,  որ Էրդողանը չի առաջադրվի, Գյուլը կարող է նաեւ առաջադրվել: Սա իմ անձնական կարծիքն է: Սակայն քաղաքական գործիչները քաղաքական գործիչներ են: Նրանք չեն բացահայտում խաղաքարերը մինչեւ վերջին պահը: Մինչեւ 2014թ. վերջին ամսիները մենք ոչ մի կոնկրետ բան չենք իմանա»,-ասաց Այդինը:

Նրա կարծիքով` Հայաստանի հետ փոխհարաբերություններում դա կանդրադառնա աննշան կերպով,  քանի որ եւ Հայաստնում, եւ Թուրքիայում արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները նույնը կմնան: «Ոչ մեծ փոփոխություններ կարող է մտցնել անձնական մոտեցումը: Այս իմաստով Գյուլն առավել ներկայանալի ֆիգուր է արտասահմանյան հանդիպումների տեսակետից, քան Էրդողանը: Այդ իսկ պատճառով, մի փոքր տարբերություն կարող է լինել»,-ավելացրեց Այդինը: