Արդեն վեցերորդ տարին է Սանկտ Պետերբուրգում անցկացվում է  քրիստոնեական կինոյի միջազգային «Նեւսկի բլագովեստ» փառատոնը, որին մասնակցում են  քաղաքի բոլոր ավանդական քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչները, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցին: Ընթացիկ տարում սակայն տեխնիկական պատճառներով  փառատոնին կինոծրագիր չներկայացվեց:

Փառատոնի կազմկոմի անդամ, Սբ Եկատերինա եկեղեցու հոգեւոր սպասավոր հայր Սարգիսի նամակի համաձայն` «Հայկական հաց» ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանը  պաշտոնապես չի դիմել Սանկտ Պետերբուրգում Հայ առաքելական եկեղեցուն եւ  չի ներկայացրել ֆիլմի ռուսերեն օրինակը, ինչի պատճառով էլ հնարվոր չի եղել փառատոնի հանձնաժողովի կողմից դրա դիտումն ու գնահատումը: «Ֆիլմը չի ընդգրկվել 2012թ. ծրագրում այն պատճառով, որ չի ներկայացվել փառատոնի կանոնակարգի համաձայն»,-նշվում է  նամակում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Արմեն Գասպարյանն ասել էր, որ  բոլոր ընթացակարգերն իր կողմից պահպանվել են: «Կարող եմ բերել բոլոր ապացույցները, որ ֆիլմն ընդգրկվել է փառատոնի ծրագրում: Ինչպես է հնարավոր չներկայացնել ռուսերեն տարբերակը, եթե դա ռուսական փառատոն է: Անձամբ ինքս ռուսերեն տարբերակը ներկայացրել եմ փառատոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Լիտվյակովին»,-հայտարարել էր Արմեն Գասպարյանը` հայտնելով դատարան դիմելու իր մտադրության մասին: