Հայ եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» հայկական մշակույթի կենտրոնը, Վրաստանի հայ նկարիչների միությունը եւ Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, դեկտեմբերի 1-ին կազմակերպում են «Թբիլիսիի հայկական եկեղեցիներն երեկ եւ այսօր» ցուցահանդեսը:

Հայ եկեղեցու վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ 1930 թվականին Թբիլիսիում գործում էին 26 հայկական վանքեր, որոնց մի մասն ավերվել է խորհրդային իշխանությունների կողմից, մյուս մասը Վրաց ուղղափառ եկեղեցին վերափոխել է:

Վիրահայոց թեմը խնդրում է Վրաստանի կառավարությանը լուծել խորհրդային շրջանում հայ եկեղեցուց խլված եւ ներկայումս անգործության մատնված 6 եկեղեցիների հարցը, որոնցից 5-ը գտնվում են Թբիլիսիում, իսկ 6-րդը՝ Ախալցխայում:

Թբիլիսիում գտնվող այդ 5 վանքերից երկուսն ավերված են, իսկ մեկի գմբեթն է խոնարհված: «Մենք կարծում ենք, որ Վրաստանի տարածքում գտնվող մշակույթի յուրաքանչյուր հուշարձան ողջ Վրաստանի մշակութային ժառանգությունն է, հետեւաբար ավերված եւ անխնամ վանքերն, անկախ դրանց ծագումից, կորուստ են մեր երկրի համար»,-ասված է հաղորդագրության մեջ: