Թուրքիան եւ Հայաստանը չեն պատրաստվում առաջին քայլն անել դիվանագիտական ենթակառուցվածքների կառուցման հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին:
«Կառավարություններն ավելի լավ գիտեն, թե ինչ են պատրաստվում անել, սակայն դատելով այն զարգացումներից, որոնց մենք ականատես ենք լինում, նրանք չեն պատրաստվում որեւէ բան անել: Թեեւ առաջին քայլ անելը շատ հեշտ է եւ այն կարող է դառնալ միմյանց մայրաքաղաքներում, կամ երրորդ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, հակառակ կողմի շահերը ներկայացնող սեկցիաների բացումը»,-նշել է Ուեյն Մերրին:
Հարցին, թե կարո՞ղ են երկու երկրների կառավարությունները վախենալ, որ առաջին քայլ անելու դեպքում կարող են կորցնել իրենց վարկանիշը հայրենիքում, Մերրին պատասխանել է. «Նրանք ավելի լավ գիտեն, բայց եթե ԱՄՆ-ը կարող է նման սեկցիա ունենալ Կուբայում, ապա ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ նույնը կարող են անել նաեւ Հայաստանն ու Թուրքիան: Երեւի նրա համար, որ նրանք դա պարզապես չեն ուզում»,-հավելել է Մերրին:



























