Ադրբեջանական կողմը հերթական անգամ խուսափել է գերի ընկած հայերի ցուցակները ներկայացնելու հարցին ուղիղ պատասխան տալուց: Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ադրբեջանցի հովիվ Թելման Ալիեւին ադրբեջանական կողմին հանձնելուց հետո:

Նրա խոսքով, հայկական կողմը ադրբեջանցի հովիվին հանձնելու արարողության ընթացքում հերթական անգամ բարձրացրել է Ադրբեջանում հայ գերիների եւ պատանդների ցուցակները ներկայացնելու հարցը:

Ադրբեջանական կողմը՝ հանձինս պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցչի, առոջղ մոտեցում չի ցուցաբերել եւ սկսել է պնդել, որ լիազորված չէ պատասխանել եւ որ որոշ հարցումներ փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե:

«Այսպիսով, Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ խուսափել են պատասխաններից եւ փորձել են անհեթեթ տվյալներ ներկայացնել»,-ամփոփել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ներկա պահին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իր մոտ հայ ռազմագերիներ կամ պատանդներ չկան, բացառությամբ հայկական ընտանիքի, որն ինքնակապ անցել է սահմանը: Հովհաննիսյանը ներկայացմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ներկայացվել է 90 ազգանունից կազմված ցուցակ, որոնց վերաբերյալ հայկական կողմը տվյալներ ունի, որ նրանք գտնվում են Ադրբեջանում: «Բայց նրանք խուսափում են որոշակի պատասխաններից՝ վկայակոչելով, որ նման տվյալներ չունեն եւ պատասխանն ուղարկել են Կարմիր խաչի միջոցով»,-ընդգծել է նա:

Նշենք, որ առկա տեղեկատվությամբ, մինչ օրս Հայաստանից եւ ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում շուրջ հազար մարդ: