Նախորդ տարի հայկական երեք կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, մեծ նշանակություն ունի հայաստանի համար, քանի որ դա նոր խթան հաղորդեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին (ֆոտոռեպորտաժ): Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանում, ԵԺԿ «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ միջկուսակցական համագործակցությունը մեծ նշանակություն ունի արդյունավետ համագործակցության համար:

«Այսօր առաջին անգամ Երեւանում հյուրընկալել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Արեւելյան գործընկերների առաջնորդների տարածաշրջանային գագաթնաժողովը: Անցյալ տարի ԵԺԿ Մարսելի գագաթնաժողովում հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցությունը այս համաեվրոպական կուսակցությանը պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր: Եվրոպական մերձեցման կարեւորագույն նպատակներից մեկը մեր ժողովուրդների, հասարակությունների, անհատների միջեւ շփումների խթանումն է: Իսկ այդ հասարակությունների կարեւոր մաս են կազմում, ինչ խոսք, նաեւ քաղաքական կուսակցությունները:

Միջկուսակցական փոխգործակցությունը մեծ նշանակություն ունի եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից: Մենք կարեւորում ենք ԵԺԿ դերակատարումը եվրոպական ինքնության կոնսոլիդացման եւ Եվրոպական միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում: Այն նաեւ մեծ հնարավորություններ է պարունակում միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում մեր ձայնն ավելի լսելի դարձնելու առումով:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել կուսակցության նախագահ պարոն Մարտենսին այն ջերմ ընդունելության համար, որին արժանացան հայաստանյան քաղաքական կուսակցությունները Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում:

Մեծապես գնահատում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի մասնակցությունը այս գագաթնաժողովին: Պարո՛ն Բարոզո, Ձեր անմիջական մասնակցությունը այս գագաթնաժողովին եւս մեկ ապացույց է առ այն, որ Արեւելյան գործընկերության խնդիրներն ու հեռանկարները հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են:

Այսօր մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերը եւ նախանշեցինք մեր անելիքները մինչեւ Վիլնյուսի 2013 թվականի Արեւելյան գործընկերության գագաթնաժողով: Մենք ընդունեցինք Երեւանյան հռչակագիրը, որում արտացոլված է մեր ընդհանուր տեսլականը Արեւելյան գործընկերության ապագայի, տարածաշրջանային հիմնահարցերի, ինչպես նաեւ ԵԺԿ դերակատարության շուրջ:

Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է որպես ընդհանուր արժեքների շուրջ փոխգործակցության ձեւաչափ: Հայաստանի համար այն կարեւորվում է ընթացող լայնածավալ բարեփոխումներում եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից: Համոզված ենք, որ Արեւելյան գործընկերության առաքելությունը լիարժեքորեն իրականացված կլինի այն դեպքում, երբ բոլոր գործընկեր երկրները հավասարապես հանձնառու լինեին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն:

Որպես քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների ընտանիք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը, այլատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքները: Այս երեւույթները մեր ընդհանուր պատմության ամենամութ էջերի հիշողություններն են արթնացնում:

Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արեւելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը:  Համոզված ենք, որ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը պետք է բացվի անմիջապես եւ առանց նախապայմանների: Մենք քննարկում էինք, թե ինչպե՞ս խթանենք Արեւելյան գործընկերության պետությունների ժողովրդավարացման գործընթացը, ինչպե՞ս հասու դարձնենք մեր արտադրողների համար եվրոպական սպառողական շուկաները, ինչպե՞ս հեշտացնենք շփումները մեր քաղաքացիների միջեւ` պարզեցնելով, իսկ հետագայում նաեւ վերացնելով մուտքի վիզաների պահանջները: Դա են ակնկալում մեր պետությունների քաղաքացիները:

Հայաստանի երեք կուսակցությունների անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը նոր թափ հաղորդեց Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությանը: Մենք շնորհակալ ենք դրա համար մեր բոլոր գործընկերներին»: