Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում շարունակել համագործակցություն՝ լիարժեք կայուն ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն եւ մարդու իրավունքներ, ինչպես նաեւ սոցիալական արդարություն հաստատելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանում, ԵԺԿ «Արեւելյան գործընկերության» առաջնորդների երկրորդ գագաթաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ շնորհակալություն հայտնելով իրեն գագաթաժողովին հրավիրելու համար:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին՝ գագաթաժողովը Կասկադում անցկացնելու համար, նշելով, որ Հայաստանի միակ եվրոպական երկիրն է, որն ունի լուրջ հին մշակութային ավանդույթներ եւ միաժամանակ բաց է ժամանակակից արվեստի համար (Կասկադում ներկայացված են ժամանակակից արվեստի ստեղծագործություններ-խմբ):

Բարոզուն նաեւ նշել է Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի առաջնորդների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռելու կարեւորությունը: «Այդ երեք երկրները լավագույն առաջընթացն են արձանագրել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Պարոնայք Սարգսյան, Սահակաշվիլի եւ Ֆիլատ, ես գովում եմ ձեզ նման առաջընթաց արձանագրելու համար: Ես շնորհակալ եմ նաեւ պարոն Մարթենսին այն կապերի համար, որոնք մենք հաստատում ենք մեր հարեւանների հետ: Մենք պետք է ամրապնդենք կապերը մեր ժողովուրդների, քաղաքացիական հասարակությունների միջեւ: Հենց այդ առումով է կարեւոր միջխորհրդարանական երկխոսությունը»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ ընդգծել է, որ կշարունակվի ֆինանսավորումն այն երկրներին, որոնք հաջողությամբ են իրականացնում բարեփոխումները: