Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրամանագիրը, որով նա էապես ընդլայնել է իր լիազորությունները, ճանապարհ է բացում մարդու իրավունքների խախտման համար, BBC-ին հայտարարել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Նավի Պիլայը:
Ըստ Պիլայի`Մուրսիի որոշումը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: ՄԱԿ-ի հանձնակատարը նախազգուշացրել է Մուրսիին` չկրկնել Հոսնի Մուբարաքի վարչակարգի սխալները:
Մուրսին թերագնահատում է իրադրության լրջությունը, կարծում է Պիլայը:
Կահիրեում հազարավոր եգիպտացիներ, որոնք դժգոհ են Մուրսիի գործողություններից, դուրս են եկել Թահրիր հրապարակ` եգիպտական նոր սահմանադրության ընդունումից հաշված ժամեր անց:
Կահիրեի հեռարձակման կադրերը ցուցադրել են բողոքողներին, որոնք գոռացել են. «Մենք ցանկանում ենք, որպեսզի վարչակարգը տապալվի», - ամենից հաճախ հնչող արտահայտությունն է զանգվածային հավաքների ժամանակ, որը նախորդել է 2011 թ. փետրվարին Մուբարաքի տապալմանը:





























