Հյուսիսային Իռլանդիայի դատարանը Facebook-ին պարտադրել է հեռացնել մանկապղծության դեմ պայքարին նվիրված էջը։ Դատարանը Facebook-ին 72 ժամ էր տվել «Փրկենք մեր երեխաներին գիշատիչներից» (Keeping our kids safe from predators) անունով էջը փակելու համար։ Նման դատավճռի է կարողացել հասնել երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով վեցամյա պատժաչափ կրող բանտարկյալը։
Դատարանը համաձայնել է հայցվորի այն պնդմանը, որ էջի բովանդակությունը վիրավորական է եւ խախտում է մարդու իրավունքները։
Հայցվորի անունը չի հաղորդվել։ Նա հայցը ներկայացրել է իր նկարը մանկապիղծների դեմ պայքարի էջում տեսնելուց հետո։ Դատապարտյալն իսկույն դիմել է դատարան՝ էջի հեղինակներին մեղադրելով անձնական տվյալների ապօրինի գործածման եւ անձնական կյանքի իրավունքի ոտնահարման մեջ։
Facebook-ը խմբի էջից հեռացրել է լուսանկարը, սակայն դա չի փրկել։ ՆՏՎ-ն, BBC-ին վկայակոչելով, հայտնում է, որ դատարանի որոշումից հետո «Փրկենք մեր երեխաներին գիշատիչներից» էջը փակվել է, փոխարենը նույն անունով եւս երկու էջ է անմիջապես բացվել։





























