2012թ. դեկտեմբերի 1-ից Ռուսաստանը դարձել է համաշխարհային ոչ պաշտոնական G20 համաժողովի նախագահը՝ փոխարինելով Մեքսիկային։ Համաժողովը միավորում է աշխարհի 19 խոշորագույն ազգային տնտեսությունները եւ Եվրամիությունը։ Ռուսաստանը G20-ը կգլխավորի հաջորդ ամբողջ տարվա ընթացքում։
Համաժողովի շրջանակում առաջին միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի սկզբին։ Տարվա ընթացքում Ռուսաստանը բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գագաթաժողովներ, երիտասարդական գագաթաժողով եւ արհմիութենական կազմակերպությունների հանդիպումներ կանցկացնի։ Դեկտեմբերի 1-ի կեսօրից կգործի G20-ում ռուսական համանախագահության կայքը՝ www.g20russia.ru։
«ՖեդերալՊրեսսը» հայտնում է, որ G20 գագաթաժողովը տեղի կունենա 2013թ. սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում՝ Կոնստանտինովյան պալատում։ Ռուսական նախագահության օրակարգում հիմնական թեմաները, ըստ Կրեմլի աշխատակազմի ղեկավարի, համաշխարհային տնտեսության առողջացումն է, տնտեսական աճի խթանումը եւ աշխատատեղերի ստեղծումը։ Նա նաեւ նշել է Արժույթի համաշխարհային հիմնադրամի աշխատանքի կատարելագործման անհրաժեշտությունը։ Ռուսաստանը նաեւ առաջարկել է ֆինանսների եւ աշխատանքի հարցերով նախարարների համատեղ հանդիպում կազմակերպել։





























