ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պահանջել է ազատել 1967թ.-ից զբաղեցրած Գոլանի բարձունքները, հրաժարվել Երուսաղեմը մայրաքաղաք հայտարարելուց եւ խաղաղ բանակցություններ վարել Պաղեստինի հետ։ Համապատասխան բանաձեւերն ընդունվել են նոյեմբերի 30-ին՝ նախօրեին Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելուց  հետո։

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւերը խորհրդատվական, ոչ թե պարտադիր բնույթի են, թեեւ ցույց են տալիս միջազգային հանրության երկրների մեծամասնության վերաբերմունքը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փաստաթուղթն ստացել է ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 110-ի, նաեւ՝ Ռուսաստանի աջակցությունը։ Դեմ է արտահայտվել վեց երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան։

ԳԱ բանաձեւը նաեւ Իսրայելին կոչ է արել «վերսկսել սիրիական եւ լիբանանյան ուղղությամբ բանակցությունները»՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար։ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է, որ նախքան 1967թ. Սիրիայի մասն էր։ Իսրայելն այն զավթել էր Վեցօրյա պատերազմի ընթացքում։