ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել երկրի պաշտպանական բյուջեի նախագծում փոփոխությանը, որը Պենտագոնին արգելում է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ սպառազինության առուվաճառքի գործարք կնքել, այդ թվում՝ Աֆղանստանի համար ուղղաթիռներ գնելու։ Փոփոխությունն ընդունվել է միաձայն։

Այժմ բյուջեի նախագիծը փոխանցվել է Կոնգրեսի Վերին պալատ։ Արգելքը կգործի այն պահից, երբ ԱՄՆ նախագահը ստորագրի պաշտպանական բյուջեի մասին օրենքը։

ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Սիրիային։ «Ամերիկյան հարկատուները չպետք է անուղղակիորեն ֆինանսավորեն Սիրիայի քաղաքացիների զանգվածային սպանությունները»,- հայտարարել է նախագծի հեղինակ, հանրապետական սենատոր Ջոն Կորնինը, գրում է «Վեդոմոստին»։

2012թ. մարտին մի շարք խորհրդարանականներ դիմել էին Պենտագոնի ղեկավարին՝ խնդրելով խզել «Ռոսօբորոնէքսպորտից» Աֆղանստանի համար Մի-17 ուղղաթիռներ ձեռք բերելու համաձայնագիրը։ Ամերիկյան լատվամիջոցների տվյալով՝ 21 ուղղաթիռների ձեռքբերման մասին համաձայնագրի արժեքը 900 մլն դոլար է։  Հոկտեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարվել պայմանագրից։