Եվրամիությունը շահագրգռված է աշխատել հայերի հետ` Հայաստանում ժողովրդավարության զարգացման ապահովման համար: Այս մասին դեկտեմբերի 1-ին Երեւանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` նշելով, որ ժողովրդավարական գործընթացների հիմքն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններն են:
Բարոզուն նաեւ նշել է, որ այս համատեքստում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը` ուղղված առավել թափանցիկ եւ մրցունակ ընտրությունների անցկացմանը:
«2013թ. նախագահական ընտրությունները փորձություն կլինեն: Մենք ցանկանում ենք տեսնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները մինչեւ ընտրություններ կիրականացվեն: Ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրվանով չի սահմանափակվում: Ժողովրդավարությունը կառուցվում է ամեն օր` տարբեր ուղղություններով»,-հայտարարեց Բարոզուն:
Նա նշեց, որ ժողովրդավարությունը կառուցվում է օրենքի, դատական համակարգի նկատմամբ համակրանքի, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի վրա. «Այդ բարեփոխումները միաժամանակ բխում են յուրաքանչյուր հայի շահից: Դա նաեւ նշանակում է, որ Հայաստանը կօգտվի ԵՄ փիլիսոփայությունից. այսինքն` որքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան մեծ կլինի ԵՄ աջակցությունը: Ես նկատի չունեմ միայն ֆինանսական աջակցությունը, թեեւ Հայաստանն արդեն ստացել է լրացուցիչ 15 մլն եվրո «Արեւելյան գործընկերության» ինտեգրման միջոցով: Բարեփոխումների իրականացումը հանգեցրել է նրան, որ Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրեցին վիազային ռեժիմի դյուրացման փաստաթուղթը: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի քաղաքացիները կարող են ավելի հեշտացված կերպով ճանապարհորդել ԵՄ երկրներում»:





























