Նեպալի նախկին ժառանգորդ արքայազնին, ով գահից զրկվել է 2008-ին՝ երկրում միապետությունը վերացնելու հետեւանքով, նոյեմբերի 30-ին Թաիլանդում դատարանի առջեւ է կանգնել 3 գրամ մարիխուանա պահելու համար: Նրան գրավի դիմաց ազատ են արձակել 12 օրով:

Ոստիկանության տվյալներով, թաիլանդական Պհուկեթ կղզու համատիրություններից մեկում բնակվող արքայազն Փարաս Շահը ձերբակալվել է հոկտեմբերի 23-ին իր բնակարանում, որտեղ եղել է նաեւ Թաիլանդի մի բնակչուհի:

Նրա եւ այդ կնոջ միջեւ այնպիսի աղմկոտ վեճ է ծագել, որ հարեւանները դիմել են համատիրության ղեկավարությանը, որն էլ իր հերթին ոստիկանություն է կանչել: Ժամանած ոստիկանները արքայազնի բնակարանում 3 գրամ մարիխուանայով փաթեթ են գտել եւ նրան թմրամիջոցներ պահելու մեղադրանք առաջադրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դատարանում կինն իրեն մեղավոր է ճանաչել մարիխուանա պահելու մեջ: Արքայազնը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել եւ 10 հազար բատ (շուրջ 330 դոլար) գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Ձերբակալելիս մենք գաղափար չունեինք, որ ձերբակալում ենք VIP կատեգորիայի պատկանող մարդու: Նրա մոտ Նեպալի քաղաքացու սովորական անձնագիր էր»,-AFP-ին հայտնել է Չենգ Տհալե շրջանի ոստիկանության բաժնի ղեկավար Չիրասաք Սիեմսաքը:

Փարաս Շահը ժառանգորդ արքայազն է դարձել 2001-ին, երբ նրա բորեղբոր տղան՝ Դիպենդրան թմրամիջոցների ազդեցության նոպայի տակ սպանել էր արքայական ընտանիքի 9 անդամների, այդ թվում թագավորին ու թագուհուն: