Սկանդալային WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անհանգստացած է «համաշխարհային սարդոստայնում» պետությունների կողմից ժողովուրդների տոտալ վերահսկողություն հաստատելու հեռանկարից: Նա առաջարկում է հասնել ինտերնետի անկախության, որպեսզի «դուրս բերի այն դեսպոտայի պետության ձեռքից» եւ, վերջապես, «համաշխարհային քաղաքակրթություն» ստեղծել:

«Մեր մտքերն ու գրագրությունը գտնվում է այն մարդկանց ձեռքին, որոնք ղեկավարում են սերվերները: Իսկ նա, ով կարող է վերահսկել կապուղիները, նա կարող է հետեւել ողջ հասարակությանը: Սա պետական հետապնդման զարգացման գործում նոր գլուխ է, երբ հնարավոր է հետեւել ոչ թե առանձին մարդկանց, այլ՝ ողջ ժողովուրդների»,- Russia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ասանժը:

Նա նշել է. «Մենք բոլորս ինտերնետն ընկալում ենք որպես պլատոնական «գաղափարների տարածք», որտեղ կարելի է բարձրաձայնել սեփական մտքերը, գրագրությամբ զբաղվել, գրքեր հրատարակել, եւ այդ ամենը գոյություն ունի ինչ-որ հեռվում»: Իրականում, ըստ նրա, «այդ ամենը պահվում է ինտերնետ սերվերներում, որոնք գտնվում են Նյու Յորքում, Նայրոբիում կամ Պեկինում»:

Ասանժի ներկայացմամբ, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը դրանով զբաղվում է արդեն 20-30 տարի, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

«Սակայն վերջին տարիներին նման հնարավորություն են ստացել նաեւ միջին մեծության երկրները, ինչպիսին է, ասենք Լիբիան: Քադաֆիի ժամանակ 2009-ից այդ երկրում օգտագործվել է Eagle համակարգը, որն ազգային մասշտաբներով տեղեկատվություն գողանալու համակարգ է»,-հավելել է Ասանժը: