Եվրոպայում սահմանները չպետք է որպես բաժանարար գծեր օգտագործվեն։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ճեպազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել «Արեւելյան գործընկերության» շրջանակում փոխգործակցությունը։

«Սահմանի փակումը, ուժի գործադրման սպառնալիքները, այլատյացությունը եւ ռասիզմը 21-րդ դարում տեղ չունեն», - ընդգծել է նախագահը՝ կոչ անելով ԵՄ-ի հետ գործընկերության տարածքում հրաժարվել այդ հարցերի նկատմամբ հանդուրժողականությունից։ Նրա խոսքով՝ հայտարարություններն ու գործողությունները լիարժեք չեն, երբ դրանց ֆոնին գործընկեր պետություններից մեկը մյուս գործընկեր պետության ողջ ժողովրդին թշնամի է անվանում։

«Մենք չենք կարող ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է, երբ Մեծ քսանի մասնակից եւ ԵՄ անդամակցության հավակնորդ Թուրքիան ապօրինաբար շարունակում է շրջափակված պահել «Արեւելյան գործընկերության» անդամ Հայաստանի սահմանը։ Դա ոչ միայն հակասում է գործընկերության տրամաբանությանը, այլեւ խախտում է միջազգային իրավունքի կարեւորագույն նորմերն ու սկզբունքները», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպմանը նաեւ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները։ Նա միաժամանակ հաստատել է ԵՄ-ի դիրքորոշման հետ լիակատար համընկնումը։ «Հայաստանը քանիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի անդամ է, միեւնույն արժեքների կրողը։ Մենք կարեւորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները  Լեռնային Ղարաբաղի հետ, հատկապես՝ նրանց այցերը», - նշել է Սերժ Սարգսյանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am