Շիրակի մարզում այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհին բախվել են հարսանիքի մասնակցող «ՎԱԶ 21015» մակնիշի եւ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով փեսացուի եղբայրը` «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենանայի վարորդը` 23-ամյա Արմեն Դարբինյանը, մահացել է, իսկ «ՎԱԶ 21015»-ի ուղեւորը` հարսնացուն` 23-ամյա Լուսինե Ղամբարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վթարից տուժել է նաեւ հարսնացուի հորեղբայրը` 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը: Վերջիններս տեղափոխվել են Գյումրի Գյուլբեկյանի հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանոթյան Արթիկի բաժնից եւ Գյումրու Գյուլբեկյան հիվանդանոցից: «Լուսինեն ունի որովայնի բութ վնասվածք,փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն: Վիրահատվել է, արյունահոսությունը դադարել է: Վիճակը կայուն ծանր է: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Հովհաննեսի մոտ կա ազդրի, դեմքի ծնոտի, գանգուղեղային ծանր կոտրվածքներ եւ վնասվածքներ:Նրա կյանքին վտանգ է սպառնում»,- փոխանցեցին հիվանդանոցից: Լուսինե Ղամբարյանը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր, եւ պետք է հարս գնար Արթիկ: Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարսանիքը այսօր էր, որին ինքը եւս հրավիրված է եղել: «Մեկ ամիս առաջ էր նշանդրեքը եւ այսօր պետք է ամուսնանային: Սակայն նախապատրաստական աշխատանքներով գյուղից դուրս են եկել, բախվել բարեկամի մեքենային եւ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հարսին ցերեկը պետք է գային նվագով տանեին, հետո եկեղեցի եւ նոր հարսանյաց սրահ: Սակայն արդեն բոլորը գիտեն կատարվածի մասին ու է՞լ ինչ հարսանիք, փեսացուի կողմից մահ կա, իսկ հարսի կողմից 2 տուժող»,- ավելացրեց գյուղապետը:




























