Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ հանրության վերաբերմունքը ինչ-որ չափով մեղմացել է, բայց դա դեռ բավարար չէ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում ասել է հոգեբան Անուշ Մինասյանը։

Նրա խոսքով՝ երբ մարդն իմանում է ՄԻԱՎ վարակվածության մասին, առաջին արձագանքը դրա ժխտումն է լինում, իսկ երբ ախտորոշումը հաստատվում է, մարդը սթրեսի է ենթարկվում։  «Գերակշռողը ոչ միայն սեփական կյանքի համար վախն է, այլեւ հանրության բացասական, խտրական վերաբերմունքին արժանանալու վախը»,- նշել է հոգեբանը։

Նա ընդգծել է, որ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ բացասական վերաբերմունքը հայ իրականության շատ լուրջ  խնդիրն է։

Այս կապակցությամբ Հայաստանի առողջպահության նախարարությանն առընթեր ՁԻԱՀ-ի կանխարգելման  հանրապետական կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Գրիգորյանը նշել է. «Անհրաժեշտ է ձերբազատվել բարդույթներից եւ հայ հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը»։