ՁԻԱՀ-ը տեւական գաղտնի շրջան ունի, որը կարող է շարունակվել 8-10 տարի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի առողջպահության նախարարությանն առընթեր ՁԻԱՀ-ի կանխարգելման  հանրապետական կենտրոնի տնօրեն, բժիշկ Սամվել Գրիգորյանը։

Հարցին՝ ինչով է պայմանավորված մեր երկրում հիվանդացության դեպքերի աճը,  մասնագետը նշել է, որ ոչ բոլոր հիվանդներն են գրանցվում, ամբողջ աշխարհում գրեթե 17 մլն մարդ չգիտի իր կարգավիճակի մասին։

«Հիվանդությունը տեւական գաղտնի շրջան ունի, որը կարող է շարունակվել 8-10 տարի։  Վարակը հայտնաբերելն ու ախտորոշելը հնարավոր է միայն լաբորատոր հատուկ հետազոտության միջոցով։ Սակայն մարդկանց մեծամասնությունը, որոշակի գանգատներ չունենալով, բժշկի չի դիմում։

Հանրության տեղեկացվածության մակարդակի առնչությամբ Սամվել Գրիգորյանն ընդգծել է, որ ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցում են մարդիկ, ովքեր չեն էլ կասկածում իրենց կարգավիճակի մասին։

«Բժշկի դիմած մարդկանց մեծամասնությունը հիվանդության ուշ շրջանում են գտնվում։ Մեր հայրենակցների զգալի մասն անվճար բուժում ստանալու համար Ռուսաստանից, Ուկրաինայից եւ աշխարհի այլ երկրներից հայրենիք է վերադառնում»,- նշել է բժիշկը եւ հավելել, որ դեպքերի 80%-ի պարագայում առկա է միգրացիոն գործոնը, 20%-ի դեպքում էլ ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռական զուգընկերոջից։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է մարդու պահվածքը։ Չնայած համընդհանուր կարծիքին, թե հիվանդությունը հանդիպում է ռսկային վարքի տեր մարդկանց շրջանում, ցանկացած մարդ կարող է վարակվել ՄԻԱՎ-ով։