Իրանի ռազմազովային ուժերը տեղական լրատվամիջոցներին սուզանավ են ցուցադրել, որը արտասովոր՝ վառ փիրուզագույն էր ներկված։

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Yahoo news պորտալին,  գրում է, որ նոր Ghadir (գերփոքր) դասի Sina 7 սուզանավի ցուցադրությունը կայացել է նոյեմբերի 29-ին նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում՝ Իրանի  ռազմազովային ուժերի հրամանատար կոնտր-ծովակալ Հաբիբոլա Սայարիի ներկայությամբ, որն ընդգծել է երկրի անվտանգության ապահովման ոլորտում սուզանավի բարձր ներուժը։

Utro.ru-ն գրում է, որ արտասահմանցի լրագրողները հիմնական ուշադրությունը սեւեռել են ոչ թե սուզանավի մարտավարատեխնիկական բնութագրին, այլ արտասովոր գույնին։

Իրանական արտադրության Sina 7 սուզանավը համալրված է հականավային տորպեդներով եւ Իսլամական Հանրապետության նոր սպառազինության առանցքային կողմերից է։ 

Իրանցի մասնագետները նախկինում սուզանավները ավանդական սեւ եւ կապույտ գույներով էին ներկում։